ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը մեկնաբանել է օրեր առաջ Լեռնային Ղարաբաղում իր հայտարարությունը, թե՝ «Ոչ մի թիզ հող հետ տալու նպատակ չունենք, այլ ընդհակառակը՝ մեր հողերում պետք է ապրեն մեր հայրենակիցները»: Պատասխանելով «Ազատության» գրավոր հարցմանը՝ «Կարո՞ղ ենք ասել, որ Ձեր կողմից Արցախում վերջերս արված հայտարարություններն արտահայտում են հայկական կողմի պաշտոնական դիրքորոշումը նաև բանակցային սեղանին», ԱԱԾ տնօրենը պարզաբանել է․«Ես արդեն առիթ ունեցել եմ այս հարցով հանդես գալ համապատասխան մեկնաբանությամբ: Կրկնեմ, որ այդ հայտարարությունը կատարել եմ որպես պրոֆեսիոնալ սպա, որին մտահոգում են Ադրբեջանի հռետորաբանությունը և այնտեղից հնչող սպառնալիքները, որոնք խարխլում են բացառապես խաղաղ ճանապարհով ԼՂ հիմնախնդրի կարգավորմանն ուղղված ջանքերը: Իսկ ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում Հայաստանի պաշտոնական մոտեցումն արտահայտում են ՀՀ վարչապետն ու ԱԳ նախարարը, ովքեր էլ ներգրավված են խաղաղ գործընթացում»: